ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՌԴ իրավապահները ԴԱՀԿ նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի համար տնային կալանք են սահմանել։
Ըստ տեղեկությունների` նրան նաև ժամանակավոր կացության թույլտվություն են տվել։
Ռուսաստանում դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դատախազությունը ճշտում է այս տեղեկությունը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–ի իր էջում գրում է, որ Միհրան Պողոսյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: «Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,–գրում է Աբրահամյանը։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։