ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» խաղացողներ Սոկրիտիս Պապաստատոպուլոսը և Գրանիտ Ջական աջակցություն են հայտնել իրենց թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը չի կարողացել մեկնել Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու։
Ճեպազրույցի ժամանակ ֆուտբոլիստները հայտարարել են, որ պետք է հաղթեն հանուն Հենրիխի։ Նրանք նշել են, որ Մխիթարյանի հետ խաղում են արդեն 5-6 տարի։
«Մենք լավ ընկերներ ենք։ Մենք պետք է խաղանք հանուն նրա և վնասվածքներ ստացած մեր մյուս թիմակիցների։ Եթե մենք հաղթենք, ապա այդ հաղթանակը կլինի նաև նրանցը», – հայտարարել է Պապստատոպուլոսը։
Նա հավաստիացրել է, որ ֆուտբոլիստները լավ պատրաստված են, թեև հասկանում են, որ խաղալու են ուժեղ թիմի դեմ։
Մայիսի 21–ին «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար։ Թեև ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները վստահեցրել էին, որ անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, այդուհանդերձ ակումբը որոշել էր, որ ավելի լավ կլինի` ֆուտբոլիստը Բաքու չմեկնի։ Մխիթարյանն էլ ասել էր, որ դա բարդ որոշում է եղել։ Միաժամանակ համաշխարհային ֆուտբոլի ականավոր գործիչները (այդ թվում նաև Արսեն Վենգերը, Յուրգեն Կլոպը) քննադատել էին ՈւԵՖԱ-ին` ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ կհանդիպեն «Արսենալն» ու «Չելսին», կկայանա այսօր` մայիսի 29-ին Բաքվում։