Հենրիխը չի մասնակցում խաղին Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով. Փաշինյան

ՀՀ վարչապետը հայ ֆուտբոլիստին ասել է, որ ամբողջ հոգով և ամբողջ սրտով ողջ ազգն իր հետ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Նուր-Սուլթանից վերադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի հավաքականի ավագ և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

«Մենք պետք է հաղթենք հանուն Հենրիխի». «Արսենալի» խաղացողները` Բաքվում

Այս մասին նա տեղեկացրել է իր Facebook-ի էջի միջոցով։

«Հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,–գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 29–ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը։ Միմյանց դեմ դուրս կգան անգլիական 2 թիմեր` «Արսենալն» ու «Չելսին»։ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգությունից ելնելով, չի մասնակցում խաղին։