Գյումրի–Երևան գնացքը բախվել է տրակտորին. վարորդը հիվանդանոցում է

Բախման հետևանքով տրակտորը վերածվել է մետաղի ջարդոնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Գյումրիից Երևան եկող էլեկտրագնացքը Դալարիկ-Քարակերտ միջուղում, չնայած մեքենավարի կողմից ձեռնարկված միջոցներին, բախվել է տրակտորին:

Այս մասին տեղեկությունը Facebook–ի իր էջում տեղադրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։

Լոռու մարզում գնացքը հարվածել է ոչխարների և այծերի հոտին

Դեպքը տեղի է ունեցել երեկ` մայիսի 28-ի երեկոյան։ Բախման հետևանքով տրակտորը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: «Համապատասխան գծանցումը գտնվել է վթարի վայրից ընդամենը 400 մետր հեռավորության վրա: Գնացքի մի քանի հարյուր ուղևորներից ոչ մեկ չի տուժել: Հերթական վթարը մարդու կյանք չխլեց, բայց միշտ չէ, որ վնասը միայն գույքային է լինում»,–գրել է Գրձելյանը` ընդգծելով, որ վթարները մարդկանց` սխալ վայրերից անցնելու և անզգուշության հետևանք են, որոնց պատճառով գնացքների արագությունների աճի ներկայիս հնարավորություններ սահմանափակվում են:

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի մի ուղղությամբ չվերթը (150 կիլոմետր) տևում է 2 ժամ 10 րոպե: Իսկ ՀԿԵ հնարավորությունները թույլ են տալիս այն անցնել 1 ժամ 30 րոպեում` որոշ հատվածներում զարգացնելով մինչև 120 կմ/ժ արագություն: