ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ԱԺ–ն դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի»` պետական պաշտոնյաների ծախսերի հետ կապված ավելի մանրամասն տեղեկություն հրապարակելու օրինագիծն օրակարգ մտցնելու առաջարկին։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի համաձայն` առաջարկվում էր գաղտնազերծել և հանրության համար հասանելի դարձնել պետական պաշտոնյաների կեցության, սննդի ծախսերի մասին տեղեկությունը, ինչպես նաև այն ապրանքների և ծառայությունների ծախսերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային միջոցների, ռազմատեխնիկայի, ռազմամթերքի և ռազմատեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար։
Պատգամավորներից 15–ը կողմ քվեարկեցին, 65-ը` դեմ, 24-ը ձեռնպահ մնացին։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նշեց` քանի որ օրինագիծը նաև իրեն է վերաբերում, ապա ինքը զերծ կմնա քվեարկությունից։
Չքվեարկեցին նաև «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները` նշելով, որ ծախսերի թափանցիկության հարց ամեն դեպքում կա։
Դեռ քվեարկությունից առաջ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները բացասական կարծիք հայտնեցին օրինագծի մասին` պնդելով, որ այն հարցականի տակ է դնում երկրի առաջին դեմքերի անվտանգությունը։
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ այդ տեղեկությունը բաց է եղել մինչև 2017 թվականը, և դրա հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։ Ավելին` ավելի վաղ «Ելք» դաշինքը, որի կազմում էին ներկայիս իշխանության ներկայացուցիչները, կողմ էին, որ այդ տեղեկությունները թափանցիկ լինեն։
Նշենք, որ մայիսի 2-ին կառավարության նիստում ներկայացված այս օրենսդրական նախաձեռնությունը զարմացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։