Այս հայի մասին գիտի ամբողջ Սիբիրը. ինչպես վագրը սկսեց մայր համարել բժիշկ Դալլաքյանին

Անասնաբույժ Կարեն Դալլաքյանը շատ կենդանիների է փրկել, նրա ապաստարանի մասին շատ լավ գիտեն Սիբիրում ու Ուրալում։ Իսկ ապաստարանը հիմնել է մի դեպքից հետո, երբ ծանոթացել է Ժորիկ անունով 5 ամսական վագրի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Չելյաբինսկի բանվորական թաղամասում գտնվող ապաստարանը փրկօղակ է Սիբիրի և Ուրալի կենդանիների համար։ Ապաստարանի հիմնադիր Կարեն Դալլաքյանը ոչ միայն բուժում է նրանց, այլև խնամում, փրկում կենդանիների կյանքը։

«Ինձ մոտ հիվանդ կենդանիներ են ուղարկում ամբողջ Ուրալից ու Սիբիրից։ Ոմանց բուժում ու բաց ենք թողնում, ոմանք էլ այլևս չեն կարողանում ապրել բնական պայմաններում։ Ստիպված եղանք ապաստարան բացել հաշմանդամ դարձած վայրի կենդանիների համար։ Ապաստարանն այսօր միակն է Ուրալում», – ասել է Դալլաքյանը «Такие дела» ամսագրին տված հարցազրույցում։

Այսօր ապաստարանը 40 բնակիչ ունի, որոնցից մեկն էլ լուսան Մառիսյան է։ Երեք տարի առաջ, երբ շատ ցուրտ ձմեռ էր, իսկ պետությունը չէր հոգացել գիշատիչների կերային բազայի հարցը, Մառիսյան սկսել էր գյուղամեջ դուրս գալ ու բռնել շներին։ Բնակիչները ծուղակ էին դրել շան բնում ու եռոտանի լուսանին բերել բժիշկ Դալլաքյանի մոտ։ Հիմա նա այստեղ է ապրում։

Այստեղ նաև արու աղվեսներ կան, որոնցից մեկը (անունը` Լյոնյա) մարդկային դաժանության զոհ է դարձել։ Կենդանաբանական այգիներից մեկի տերերը ծնված օրից աղվեսին պահել են կլոր ակվարիումում։ Նա կառչել է կորնթարդ պատերից, ինչի հետևանքով էլ թաթերը դեֆորմացվել են, ու աղվեսը հաշմանդամ է դարձել։

Ապաստարանում կարելի է նաև կույր ջրարջի հանդիպել, որը տեսողությունից զրկվել է լուսանկարչական սարքի արձակած լույսից։ Մարդիկ գումար են աշխատել` կենդանու հետ լուսանկարելով այգու այցելուներին։ Ջրարջի կողքին ռախիտով հիվանդ գայլն է։ Տերը մսի փոխարեն շիլայով է կերակրել նրան։ Բնակիչների թվում կան նաև վիրավոր կարապներ, հիվանդ բադեր, այծյամի ձագեր, որոնց մորը սպանել են որսագողերը։

Այս հայի մասին գիտի ամբողջ Սիբիրը. ինչպես վագրը սկսեց մայր համարել բժիշկ Դալլաքյանին

«Հիմա մենք պայքարում ենք Պենզայի շրջիկ կրկեսի հետ. նրանք էգ արջին պահում էին փոքր վանդակում, որում նա նույնիսկ շրջել չէր կարողանում։ Արջը թպրտում էր, հառաչում, ամբողջ թաղամասը լսել է դա։ Մարդիկ ոստիկանություն և ԱԻՆ էին կանչել, զանգել Կարենին։ Մենք գնացինք, ուզում էինք տանել կենդանիներին, բայց ոստիկանությունն ազատ արձակեց կրկեսին, քանի որ հանցագործության տարր չկար։ Մենք դիմել ենք դատախազությանը, մշակույթի նախարարությանը, պատասխանի ենք սպասում...», – խոստովանել է բժիշկ Դալլաքյանի օգնական Կատյա Կարպենկոն։

Պատմության սկիզբը

Դալլաքյանը կենդանիների ապաստարանը հիմնել է Ժորիկ անունով վագրի հետ պատահած դեպքից հետո։ Նա բազմաթիվ այլ կենդանիների հետ շրջիկ կենդանաբանական այգու զոհ է դարձել։

Մի օր երեկոյան Սվերդլովսկի շրջանի անասնաբույժներից մեկը զանգել է Կարենին ու ասել, որ իր մոտ 42 աստիճան ջերմությամբ և այտուցված մռութով վագր են բերել։ Կենդանին 5 ամսական է եղել, դնչի վրա` մեծ վերք, որից դիակի հոտ է փչել, ծնոտը` ոլորված, բորբոքումը հասած է եղել ոսկրային հյուսվածքներին։ Պարզվել է` Ժորիկը դունչը ծակել է հավի ոսկորով, որով կերակրել են նրան։ Տեղի անասնաբույժը չի հասկացել խնդիրը ու հանել է ատամը` ավելի բարդացնելով կենդանու վիճակը։ Կարենն առաջին օգնություն է ցույց տվել, հակաբիոտիկ ներարկել ու տուն գնացել, բայց չի կարողացել քնել։ Լույսը բացվելուն պես սկսել է շրջել խանութներով` այծի կաթ գտնելու համար։

Ինչպես հայ տղամարդը սկսեց խոզ պահել Ռուսաստանում. լուսանկար

«Ժորիկի բուժումը կես տարի տևեց։ Նա դնչից պոկում էր վիրակապերը, ջարդուփշուր անում կահույքը, պոկում պաստառները։ Հարձակվում էր իր փրկչի վրա, բայց ամեն մի պրոցեդուրայից հետո վիճակը լավանում էր։ Եվ մի օր հերթական վիրահատությունից հետո լսվեց. «Մը՜ռռ–ա–ա»։ Այդպես են վագրերը դիմում մորը։ Դրանից հետո նա արդեն քնում էր Կարենի կողքին։ Նրանք միասին էին նախաճաշում, զբոսանքի գնում ու թերթ կարդում», – նշված է հոդվածում։

Կարենը որոշեց վերադարձնել Ժորիկին, զանգահարեց կենդանաբանական այգու տերերին։ Նրանք եկան, տեսան վագրի վիրավոր դեմքն ու ասացին. «Այսպես մարդկանց ցույց տալ չի կարելի, մենք նրան կվերցնենք կես տարի հետո կաշվի համար»։

Կարենը զայրացավ. երկու անգամ փրկել էր կենդանուն, իսկ նրան այդպիսի բան էին ասում։ Ժորիկի համար 150 հազար էին ուզում։ Իսկ այդքան գումար Կարենը չուներ։ Այդ ժամանակ նա դիմեց Չելյաբինսկի բնակիչներին, պատմեց վագրի պատմությունն ու խնդրեց փրկել նրան։

«Մարդիկ արձագանքեցին, նույնիսկ պահանջվածից շատ գումար ուղարկեցին։ Այն, ինչ մնաց, ծախսվեց մյուս կենդանիների բուժման վրա։ Իսկ մեր վագրը որոշակի ժամանակ անց տեղափոխվեց տայգա, «Утес» վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն։ Այնտեղ նա հսկայական տարածք ունի, օդը մաքուր է, իսկ հարևանությամբ էլ ևս մի ամուրյան վագր կա», – պատմել է Կարենը։

Անասնաբույժն ամեն կենդանու մեջ հոգի, սեր ու ջերմություն է դնում։ Ծնունդով Երևանից է, հայրը մետաղագործ է, մայրը` կենսաբան։ Երբ նա փոքր էր, հանգստյան օրերն անցկացնում էր կենդանաբանական այգում։ Այդ պատճառով էլ, երբ չընդունվեց բժշկական համալսարան, առանց վարանելու մեկնեց Վոլոգդա` անասնաբույժի մասնագիտություն ստանալու համար։ Պրակտիկան անցավ 1991 թվականին Երևանի կենդանաբանական այգում, սակայն հետագայում դարձյալ տեղափոխվեց Չելյաբինսկ։