ԵՐԵՎԱՆ, 29 Մայիս — Sputnik. Ադրբեջանի մայրաքաղաքում հերթական բախումն է գրանցվել Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների եւ ադրբեջանցիների միջեւ: Համացանցում արդեն բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել: Այս երկուսը տեղի են ունեցել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչի մեկնարկից անմիջապես առաջ: Ոստիկանությունը ամեն կերպ փորձում է կանխել թեթև բախումների զարգացումը։
Մայիսի 29-ին անգլիացի երկրպագուները Բաքվում պարբերաբար երգել են «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգեր։
Հիշեցնենք` «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնել Բաքու և չի մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
Խաղի մեկնարկից առաջ Մխիթարյանը քաջալերող խոսքով դիմել է իր թիմակիցներին:
«Առաջ, «զինագործներ», դուրս եկեք խաղադաշտ եւ նվաճեք այդ տիտղոսը մեր ակումբի, մեր երկրպագուների եւ մեր սիրելիների համար։ Ամբողջ սրտով ձեզ հետ եմ»։
Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում Երեւանի ժամանակով 23։00-ին մեկնարկել է «Չելսի» - «Արսենալ» եզրափակիչը։