Զասը խոստացել է պաշտպանել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերը

Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը շեշտել է ՀԱՊԿ դերը Հայաստանի անվտանգության համակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն երեկ` մայիսի 27–ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշմամբ առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու` 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ–ից, Մնացականյանը շեշտել է ՀԱՊԿ կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում` կարևորելով անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Նախարարը նաև ասել է, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել, որ այդ պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: