ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար Այսարինը և Նուր-Սուլթանի փոխքաղաքապետ Նուրլան Նուրկենովը:
Օդանավակայանից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Ղազախստանի նախագահի նստավայր, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ:
Մայիսի 29-ին Հայաստանի վարչապետը մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Նիստը հոբելյանական է` նվիրված ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակին: Նիստի օրակարգի շրջանակում քննարկվելու են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Նախատեսվում է, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին կշնորհվի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում, նա կպարգևատրվի «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: