ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հարցաքննվել է Մարտի 1–ի գործով։ Այս մասին Հակոբյանն ասել է Factor.am–ի հետ զրույցում։
«Մարտի 1–ի գործով, այո, ես հարցաքննվել եմ։ Ինչ վերաբերում է զորքերի` գործողություններին մասնակցելուն, Արցախի ԶՈՒ–ից որևէ մեկը չի մասնակցել դրանց»,–ասաց նա։
Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ հանձնաժողովը բացահայտի` պայմանավորվածության արդյունքում է ապրիլյան քառօրյան տեղի ունեցել, քանի որ նման հայտարարություն հաճախ են ապրիլյան զոհերի ծնողներն անում։ Ի պատասխան Հակոբյանը նշեց, որ բացառվում է նման բան։ «Հարգելով զոհվածների հարազատներին` պետք է ասեմ, որ նրանք չպետք է որոշեն` ինչ է եղել»,–ասաց Հակոբյանը։
Ի դեպ, Հակոբյանը 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2008 թ.–ին ընդդիմությունը Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ է անցկացրել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2–ի ցույցերը վերածվել են իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների։ Արդյունքում մահացել է 10 մարդ։
Քննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այդ ժամանակ ավարտել է իր կառավարման երկրորդ ժամկետը։
Բակո Սահակյանը թեժ հանդիպում է ունեցել «Իմ քայլի» ու Փաշինյանի հետ. ԶԼՄ
Քննության տակ են նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը (հեռակա կարգով դատապարտված է կալանքի և հետախուզության մեջ է), գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։