Գյումրեցի «Բասմաչը». ինչպես Միշա Սահակյանն Արցախում կերտեց իր անմահության ճանապարհը

Հերոսների կյանքի հաղթական ուղու դեմ նույնիսկ ժամանակն է անզոր: Նրանց մասին խոսում են իրենց սխրագործությունները: Խոսում են նաև իրենց փոխարեն: Կինը հիշում է` ինչպես Միշան ճակատ մեկնելուց առաջ հրաժեշտ տվեց ընտանիքին, հերթով համբուրեց աղջիկներին, հետո հանեց իր՝ արցախյան խաչով շղթան ու քնքշորեն անցկացրեց փոքրի պարանոցին։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

«Կումայրի» ջոկատի մարտական ուղին տպավորիչ է` Բերձոր (Լաչին), Հադրութ, Հորադիզ, ինչ խոսք՝ Շուշի: Այս երկար ու հաղթական ճանապարհին զոհվել են ջոկատի 13 մարտիկները, 18-ը՝ վիրավորվել: Շիրակի արծիվներին առաջնորդում էր Միշա Սահակյանը: Սկզբում նա ջոկատի հրամանատարի տեղակալն է եղել, ապա հրամանատարը:

«Հայրենիքը Միշայի համար ամեն ինչ էր: Ոչ մի բան նրան հետ չէր պահում Արցախ մեկնելուց՝ ո՛չ իմ խնդրանքները, ո՛չ երեք դստեր արցունքները: Ասում էր՝ եթե ոչ ես, ապա ո՞վ: Պատահաբար եմ իմացել, որ մարտական ընկերները նրան «Բասմաչ» են կոչում: Չէր սիրում խոսել մարտերի, կռիվների մասին: Բայց անհերքելի է, որ հայրենի հողն ու ջուրը նրա համար ամենակարևորն էին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է հերոսի կինը՝ Մարգարիտան:

Գյումրեցի «Բասմաչը». ինչպես Միշա Սահակյանն Արցախում կերտեց իր անմահության ճանապարհը

Միշա Սահակյանը քաջ էր ու անվախ, գերի վերցնելու վարպետ: Ու հենց դրա համար էլ ջոկատի մարտիկները նրան սկսեցին «Բասմաչ» անվանել: Թշնամին էլ, իհարկե գիտեր նրա մասին, ու «Բասմաչն» այնքան նեղություն էր պատճառել, որ նրա համար բավական մեծ գլխագին էին սահմանել:

Նա 1988 թվականից ակտիվ մասնակցում էր ցույցերին, իսկ երբ պարզ դարձավ, որ պայքարը խաղաղ ցույցերով չի ավարտվելու, առաջիններից էր, որ զինվորագրվեց նոր-նոր մեկնարկող արցախյան ազատամարտին:

Մարտական մկրտությունը ստացավ Երասխավանում, ապա շարունակվեց Կոռնիձորից Նոյեմբերյան, Հադրութից Սիսիան, և այսպես շարունակ: Ամենաթեժը, իհարկե, Շուշի մատույցներն էին՝ Ջանհասան-Քյոսալար բնագիծը:

Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը

Շուշիի հաղթանակը երբեմն մերօրյա Սարդարապատ են կոչում: Երևի նման ցնծությամբ են ժամանակին Երևանում դիմավորել Սարդարապատի հերոսներին, ինչպես Գյումրին էր սրտանց ողջունում Շուշին ազատագրողներին: Գյումրին, որ 88-ի երկրաշարժից հետո սգացող ու ավերակ էր թվում, 92-ի մայիսին ցնծում էր…

Սակայն Շուշիի ազատագրումով և Արցախի հետ ցամաքային կապի վերականգնումով չավարտվեց ազատամարտը, այլ միայն ավելի մեծ թափ ստացավ: Ու շարունակվեց նաև ջոկատի մարտական ուղին՝ իր հրամանատարի գլխավորությամբ. Այգեհովիտ, Կրասնոսելսկ, ապա Լաչինով դեպի Մալխալավ: Մարտից մարտ ջոկատն ավելի էր ամրանում, ռազմական հմտություն էր ձեռք բերում ու հղկում, և յուրաքանչյուր զոհված ընկերոջ համար վրեժն ավելի էր խորանում:

Հորադիզը Բասմաչի համար վերջին էր….

Տիկին Մարգարիտը վերհիշում է, որ 1994 թվականի հունվարի 8-ին, երբ Միշան ճակատ մեկնելուց առաջ հրաժեշտ էր տալիս ընտանիքին, հերթով համբուրեց աղջիկներին՝ Նինային, Աննային ու Աիդային: Հանեց իր՝ արցախյան խաչով շղթան ու քնքշորեն անցկացրեց փոքրի՝ Աիդայի պարանոցին:

«Ոչ մի անգամ մեկնելուց առաջ այդպես չէր եղել, ինչպես այդ անգամ, որ փաստորեն վերջինն էր: Հատ-հատ ասում էր, թե ես ինչը ինչպես պետք է անեմ, ասես զգում էր իր մոտալուտ մահը»,- պատմում է տիկին Մարգարիտը:

Հորադիզի մարտը երկարում էր: Թշնամին համառում էր ու նաև գերազանցում քանակով ու ռազմական տեխնիկայով: Հրամանատարը, նկատելով, որ ջոկատի մարտիկներից Աբրահամն անշարժացել է, մի պահ կանգնում է, ապա ջոկատին հրահանգելով՝ «առա՛ջ, իմ հետևից», նետվում է գրոհի: Բոլորը մեկ մարդու նման հետևում են խիզախ հրամանատարին: Եվ այդ առաջխաղացումը անակնկալի է բերում թշնամուն: Բայց քիչ անց, երբ Միշա Սահակյանը փորձում է ընթացքում փոխել դատարկված պահունակը, խոցվում է: «Մարտը շարունակել»,-հնչում է վերջին հրամանը:

Հերոսի կինն ու երեխաները Միշայի քաջությունների ու սխրանքների մասին իմացել են մարտական ընկերների պատմություններից:

Գյումրեցի «Բասմաչը». ինչպես Միշա Սահակյանն Արցախում կերտեց իր անմահության ճանապարհը

«Մարտի ժամանակ, կռվի մեջ, ասում են, որ խիստ էր ու անվախ: Բայց տանը մենք իրեն միշտ բարի ենք տեսել: Շատ էր սիրում ինձ ու երեխաներին: Բայց առավել շատ սիրում էր հայրենիքը: Տարիներ են անցել Միշայի մահից, աղջիկներս մեծացել են, արդեն թոռներ ունեմ, նրանցով եմ ապրում ու մխիթարվում, բայց ոչ մի րոպե չեմ դադարում Միշայի մասին մտածել: Երբեմն մտովի խոսում եմ հետը: Փորձել եմ ու փորձում եմ անել ամեն ինչ, որ երեխաներս ու թոռներս դժվարություն չունենան»,-պատմում է տիկին Մարգարիտը: Ասում է, որ ապրիլյան պատերազմի օրերին աշխատում էր հեռուստացույց չմիացնել, որ սրտի սպիացած վերքերը նորից չբացվեն…

Մեր զրույցի ամբողջ ընթացքում էլ տիկին Մարգարիտի աչքերը թաց էին: Ու մեղավոր էինք զգում՝ այդ արցունքների ու չմոռացվող ապրումները հիշեցնելու համար: Սակայն տիկին Մարգարիտը կրկնում էր, որ սիրով, հպարտությամբ ու նաև ուրախությամբ է պատմում իր հերոս ամուսնու մասին: Ուրախությամբ, որ դեռ Միշայի՝ Բասմաչի արածի ու դեպի անմահություն հարթած ուղու մասին լսել ու իմանալ ցանկացող կա:

Գյումրեցի «Բասմաչը». ինչպես Միշա Սահակյանն Արցախում կերտեց իր անմահության ճանապարհը