ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Երևանի Նորքի այգիներ փողոցի տներից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ. մեկ անձ տուժել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
««911» ծառայությունն ահազանգը ստացել է մայիսի 27-ին, ժամը 23:23-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ա.Ս.-ն (ծնված 1995 թ.) դեմքի և ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ (1-ին կարգի)»,– նշված է հաղորդագրության մեջ։
24–ամյա տուժածը հոսպիտալացվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և հոսանքազրկել բնակարանը: