Բակո Սահակյանն ու Կարեն Աբրահամյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բակո Սահակյանը համանախագահների հետ հանդիպմանը շեշտել է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Բոզոյան․ «Հայաստան-Արցախ տարանջատումը թուլացնում է մեզ»

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Համանախագահները հանդիպում են ունեցել նաև Արցախի պաշտպանության նախարարի հետ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին:

Բակո Սահակյանն ու Կարեն Աբրահամյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին: