Ամեն ինչ պետք է անել Եռամիասնությունը միշտ անսասան պահելու համար. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախյան ազատամարտի տարիներին էլ համայն հայությունը միավորվեց՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն, միավորվեց ու շարունակեց մայիսյան հաղթանակների շարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Ձեր բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ. Փաշինյանը Սարդարապատում է

«Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե 1918-ին չկազմավորվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, եթե մեր պապերը հերոսաբար չկանգնեին թշնամու դեմ ու չկերտեին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառավոր հաղթանակները: Այդ հաղթանակներն անհավանական ու անհավատալի էին շատերի համար, շատերի, բայց ոչ մեզ համար: Դեռ նոր ցեղասպանություն տեսած, հող ու հայրենիք կորցրած հայ ժողովուրդն այլընտրանք չուներ, պետք է շտկեր կորացած մեջքը և շարունակեր իր բազմադարյա ուղին, շարունակեր արժանապատվորեն եւ հային վայել կեցվածքով:

Այդպես եղավ նաև Արցախյան ազատամարտի տարիներին, երբ համայն հայությունը միավորվեց՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն, միավորվեց ու շարունակեց մայիսյան հաղթանակների շարքը, ազատագրեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, պաշտպանեց ու շենացրեց նախնիների հողը:

Համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով. ՀՀ նախագահի ուղերձը

Այսօր բոլորիս պարտքն է միահամուռ ուժերով անել ամեն ինչ հայոց անկախ պետականությունը շարունակաբար զորացնելու, մայր Հայրենիքը զարգացնելու, մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ»,–ասված է Սահակյանի ուղերձում: 

Արցախի նախագահը հայ ժողովրդին այս կարևորագույն տոնի կապակցությամբ մաղթել է խաղաղություն, մեծագույն հաջողություններ, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ:

Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: