ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հանրապետության օրվա առթիվ ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել հայաստանցի օգտատերերի ֆեյսբուքյան էջերի վրա։
Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարիտիրոսյանը։
Facebook-յան ավելի քան 2000 լոգիններ ու գաղտնաբառեր ջարդելուց զատ ադրբեջանցի հաքերները նաև հրապարակել են դրանք։
«Դեռ շատերը կոտրած չեն, այնպես որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը»,- գրում է Սամվել Մարտիրոսյանը` ֆեյսբուքյան օգտատերերին խորհուրդ տալով փնտրել իրենց լոգինները հրապարակված ցուցակում ու գտնելու դեպքում արագ փոխել գաղտնաբառը։
«Գտնելու համար Ctrl F եք անում ու որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներ են։ Եթե նույն գաղտնաբարն այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք»,– խորհուրդ է տալիս մասնագետը։
Իսկ եթե գաղտնաբառն արդեն կոտրված է ու օգտատերը չի կարողանում մուտք գործել համակարգ, Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է փորձել մուտք գործել https://facebook.com/hacked դրանից հետո վերականգնել նոր գաղտնաբառը։
Իսկ ամենակարևորը` այդ ամենից խուսափելու համար պետք է խուսափել նամակներով ստացված հղումները բացելուց։