Շտապ հավաքը մնում է շտապ հավաք. Օսիպյանը շարունակում է պնդել

Ոստիկանությունը, ըստ ՀՀ ոստիկանապետի, պատրաստ է վեթինգի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Շտապ հավաքը մնում է շտապ հավաք։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով մայիսի 20–ին ՀՀ վարչապետի հորդորով քաղաքացիների դատարանների ելք ու մուտքերն արգելափակելուն։

«Շտապ հավաք էր տեղի ունեցածը։ Որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր այն»,–ասաց նա։

Պոպուլիստական է. Օսիպյանը` ոստիկանությունում ՊՎԾ–ի հայտնաբերված խախտումների մասին

Լրագրողների նկատառմանը, թե Օսիպյանի մինչ այս արած հայտարարությունը, որ տեղի ունեցածն ինքնաբուխ հավաք էր, բավական քննադատվեց, քանի որ մարդիկ վարչապետի հորդորով էին նման քայլի դիմել, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց, թե` ինչ կապ ունի ո՞ւմ կողմից է հրահանգվել. «Տեղի ունեցածը ստեղծված իրադարձության շուրջ շտապ հավաք էր։ Օրենքում նշված չէ` ում կողմից պետք է այն հրավիրվի, որ շտապ հավաք չհամարվի»։

Անդրադառնալով վեթինգի թեմային` նա հայտնեց, որ խնդիր չկա, թող իրականացնեն վեթինգ, իրենք պատրաստ են դրան:

Դիտարկմանը, որ ոստիկանները տարիներ շարունակ բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, անգամ մի քաղաքացու ոտքն են կոտրել, Օսիպյանն արձագանքեց, թե համակարծիք չէ հնչած կարծիքի հետ։ «Եթե պահի տակ բռնություն է գործադրել, ուրեմն այնպես չէ, որ պետք է ամիսներ տարիներ անցնի և ինչ-որ վեթինգի ենթարկվեն: Լինում է դեպք, լինում է ծառայողական քննություն և չկա մի դեպք, որ ծառայողական քննություն չլինի և կարգապահական պատասխանատվության ենթարկված չլինի»:

Նա նշեց նաև, որ քաղաքացու ոտքը կոտրել փորձող ոստիկանի գործն այս պահին ՀՔԾ վարույթում է: