«Զինագործներին» կարգելեն մարզվել Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով. ԶԼՄ

Բրիտանական Daily Mail–ը պնդում է, որ «Արսենալում» չեն ուզում սրել իրավիճակը, ուստի Բաքվում ընդհանրապես չեն նշի Մխիթարյանի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՈՒԵՖԱ–ն թույլ չի տա «Արսենալի» խաղացողներին ակցիա կազմակերպել` ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի։ Այս մասին գրում է Daily Mail–ը։

««Զինագործների» թիմը որոշել է աջակցել գործընկերոջը, և քննարկվել է Մխիթարյանի ազգանունով մարզաշապիկներով մարզվելու տարբերակը», – գրում է պարբերականը։

Սակայն ՈՒԵՖԱ–ի աղբյուրը զգուշացրել է խուսափել նման ակցիայից` հայտնելով, որ գործող խիստ կանոնակարգի համաձայն` մարզաշապիկները և մյուս խաղային պարագաները խաղից առաջ և հետո պետք է համաձայնեցվեն կազմակերպիչների հետ։

«Արսենալում» վախենում են Բաքվում ինչ–որ հայտարարություններ անել Մխիթարյանի մասին` իրավիճակը չլարելու համար, պնդում է Daily Mail–ը։

ՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալին

«Այնպես որ, երևում է, Բաքվում խաղը տեղի կունենա առանց 30–ամյա ֆուտբոլիստին պատվելու, որը խաղին կհետևի տնից», – եզրափակել է Daily Mail–ը։

Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

Մայիսի 21–ին «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար։ Թեև ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները վստահեցրել էին, որ անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն, այդուհանդերձ ակումբը որոշել էր, որ ավելի լավ կլինի`ֆուտբոլիստը Բաքու չմեկնի։ Մխիթարյանն էլ ասել էր, որ դա բարդ որոշում է եղել։ Միաժամանակ համաշխարհային ֆուտբոլի ականավոր գործիչները (այդ թվում նաև Արսեն Վենգերը, Յուրգեն Կլոպը) քննադատել էին ՈւԵՖԱ-ին` ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար։