Ղազախական ընկերությունները մտադիր են մուտք գործել Հայաստանի բենզինի շուկա. դեսպան

Ղազախական ընկերություններն այժմ բանակցություններ են վարում հայկական կողմի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ղազախական ընկերությունները մտադիր են նավթամթերքի հայկական շուկա մուտք գործել։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը։

Մեծ ճգնաժամ չի եղել. ՀՀ–ում Ղազախստանի դեսպանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին

Նա նշեց, որ վերջին երեք տարվա ընթացքում ավելացել են առևտրի ծավալները, ինչպես նաև աճի տեմպերը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2017 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է շուրջ 28%–ով (2.5 մլն դոլար), 2018 թվականին` 50-52%–ով (ղազախական տվյալները փոքր–ինչ տարբերվում են հաշվարկների մեթոդաբանության պատճառով)։

«Հայաստանից Ղազախստան արտադրանքի արտահանման կառուցվածքը քիչ թե շատ կայուն է, իսկ Ղազախստանից Հայաստան մշտապես փոխվում է։ Սա վկայում է, որ շուկայական լավ հատվածներ կան, որոնք տարեցտարի համալրվում են առանձին ընկերությունների գործունեության շնորհիվ», – ասաց Ուրազաևը։

Օրինակ` 2018 թվականին Ղազախստանից Հայաստան ներմուծված խոշոր եղջերավոր անասունների ծավալը կազմել է այդ երկրից ներկրված ամբողջ ծավալի 32%–ը, իսկ մետաղական արտադրանքը` ավելի քան 30%–ը։

Հայաստանն ընդլայնում է նաև արտահանումը։ Մասնավորապես, աճում են կոնյակի (Ղազախստան արտահանվող ապրանքի ընդհանուր ծավալի մոտ 38%–ը), ոսկերչական իրերի մատակարարումները։ Առևտրի ընդլայնման համար հիմնական խնդիրներն են լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը։

Ղազախական ընկերությունները բաժնետոմսեր ունեն նաև Հայաստանի հանքաարդյունաբերական ընկերություններում։

«Նոր ուղղություն կդառնա ղազախական ընկերությունների մասնակցությունը նավթամթերքի, հավանաբար բենզինի, յուղերի, վերամշակման և վաճառքի ոլորտում», – նշեց Ուրազաևը։

Նա կոնկրետ ընկերությունների անուններ չտվեց` նշելով, որ բանակցությունները դեռ ընթանում են, պայմանագրային բազա է նախապատրաստվում։ Ղազախական ընկերությունների մասին տեղեկությունը, ի դեպ, արդեն եղել է ԶԼՄ–ներում։

Հայաստանի շուկան, նրա խոսքով, այդքան էլ մեծ չէ ղազախական բենզինի պոտենցիալ արտահանողների համար։ Սակայն կարելի է հետաքրքրել միջին ընկերություններին, որոնք լավ շրջանառու միջոցներ ունեն` հաշվի առնելով բարդ լոգիստիկան։

Դեսպանն ընդգծեց նաև, որ 2005 թվականից ղազախական ներդրումները հայկական տնտեսության մեջ ավելի քան 50 մլն դոլար են կազմել և շարունակում են աճել։