Ո՛չ մետաղական հանքարդյունաբերությանը. Եղեգնաձորն էլ միացավ մերժած համայնքներին

Եղեգնաձորի ավագանին հաշվի է առել ավելի քան 2500 բնակիչների ներկայացրած հանրագիրը. համայնքն էկո-տնտեսական տարածք կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Եղեգնաձոր համայնքի ավագանին ընդունել է «Համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշում։ Այն ընդունվել է 6 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը։

«Որոշման մեջ նշված է, որ հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավելի քան 2500 բնակիչների ներկայացրած հանրագիրը` պետք է համաձայնել «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»,–հայտնում է ՀԲՃ–ն։

Նշենք, որ մայիսի 3-ին Եղեգնաձորի բնակիչները կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել համայնքի ղեկավարին և ավագանուն։ Քաղաքացիները խնդրել և պահանջել էին որոշում ընդունել, որով կարգելվեր և ապագայում կբացառվեր Եղեգնաձորում և ընդհանուր առմամբ Վայոց ձորի մարզում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

Ավելի շատ հող, բայց ավելի քիչ ջուր. Զանգեզուրի հանքավայրում խոսել են ապագա ծրագրերից

Բացի այդ, առաջարկվել էր համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար քաղաքացիները պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Հիշեցնենք, որ մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս չորս համայնք՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, 2018թ․աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել են իրենց ընտրած քաղաքացիների կամարտահայտությունը։