Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ

Կարմիր Խաչի և ՊՆ նախարարի համատեղ հանդիպմանը կողմերը կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հարցով անհրաժեշտ է ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը։ Այս մասին կարծիք են հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն` հանդիպման ժամանակ։

«Կողմերը կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու իրավունքի իրացումը երաշխավորելու նպատակով»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի ժնևյան կենտրոնակայանից Հայաստան գործուղված զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին՝ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման մակարդակի գնահատման ուղղությամբ ծավալուն աշխատանքի համար: Նա հայտնել է, որ համատեղ գնահատման միջոցառումների արդյունքներով ԿԽՄԿ հետ ստորագրելու է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ–ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։