«Շատ եմ սիրում ամուսնուս». Աննա Հակոբյանը խոսել է ամուսնու հետ շրջագայելու մասին

ՀՀ վարչապետի կինը խոստովանեց, որ շատ է սիրում ամուսնուն, և հայտնեց, թե որ դեպքում կհրաժարվի ակտիվ գործունեությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, պատրաստ է հրաժարվել ակտիվ գործունեությունից, եթե այդպես ցանկանա հայ հասարակությունը։ Այդ մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Հակոբյանը նշեց, որ ամուսնու հետ իր շրջագայությունները բյուջեի հաշվին չեն լինում և լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում։ Միաժամանակ նա նշեց, որ նախորդ իշխանության ներկայացուցիչների կանայք էլ են այդ հնարավորությունն ունեցել, բայց ինքը չգիտի` ինչու դա չեն արել։

«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Իմ շրջագայությունները նաև շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների, ես այլ գործունեություն էլ եմ վերցրել ինձ վրա», – ասա Հակոբյանը։

Միաժամանակ նա ասաց, որ իր համար բարդ է երկար ժամանակով բաժանվել ընտանիքից, փոքր աղջկանից և սիրելի աշխատանքից` հիմնադրամների գործունեության շրջանակում ուղևորությունների համար։

«Մեր որդին ծառայում է, ինչպես ցանկացած զինվոր». Աննա Հակոբյանը որդու` Երևան գալու մասին

«Ես հենց այնպես չեմ գնա ինչ–որ տեղ, եթե դա կարևոր չլինի կամ օգուտ չբերի Հայաստանին», – նշեց նա։

Վարչապետի կինը նշեց, որ ԱՄՆ կատարած շրջագայության վրա ծախսվել է 10 միլիոն դրամ, բայց հավաքվել է 774 միլիոն դրամ` «City of smile» և «Իմ քայլը» հիմնադրամների աշխատանքի համար։

Նա խոստովանեց, որ կարոտում է հին աշխատանքը և մտադիր է հունիսն անցկացնել թերթի խմբագրությունում։

Նշենք, որ Աննա Հակոբյանը գլխավորում է «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդը։