Կարևորվել է Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

ՀՀ վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական և մարդկանց միջև շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին: