Կովկասյան ընձառյուծը հիմնավորվում է հայաստանյան լեռներում. տեսանյութ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղակայված տեսախցիկները հերթական կովկասյան ընձառյուծին են արձանագրել հայկական լեռներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. WWF-ի տեսախցիկները «Արևիք ազգային պարկում» կրկին ընձառյուծ են նկարահանել: Հայտնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջը։

«Ընձառյուծը հայտնաբերվել է մշտադիտարկման աշխատանքների ընթացքում, որն իրականացվում է WWF Հայաստանի և ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից»,–նշված է տեսանյութի մեկնաբանություններում։

Կովկասյան ընձառյուծի հերթական «սելֆին». այս անգամ էլ նրան ֆիքսել են Ուրցաձորում

Հիշեցնենք, մայիսի 25-ին կովկասյան ընձառյուծի հերթական տեսանյութն էր հրապարակել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Երկարատև ընդմիջումից հետո Կովկասյան հովազն առաջին անգամ տեսախցիկների տեսադաշտում էր հայտնվել 2013թ.–ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում` Խոսրովի արգելոցի հատուկ պահպանվող տարածքում։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է Կարմիր գրքում։ Ոչնչացման եզրին գտնվող կատվազգիների ընտանիքի որսի կամ ոչնչացման դեպքում նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է 100 մլն դրամ տուգանք` նախկին 3 մլն–ի փոխարեն։