Կապանի օդանավակայանը գրեթե պատրաստ է. Սյունիքի մարզպետի խորհրդական

Օդանավակայանը վերակառուցումից հետո կարող է ժամում մինչև 100 ուղևոր ընդունել։ Վերականգնողական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել մոտ 5 միլիոն դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հայաստանի հարավում գտնվող օդանավակայանը արդեն գրեթե 60 տոկոսով վերանորոգվել է։ Այս մասին երկուշաբթի ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարեց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։

Գործարար աշխարհի և իշխանության ներկայացուցիչների հանդիպումն ընթանում է Տաթև գյուղում։ Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սյունիք» օդանավակայանի շենքն արդեն կառուցվում է

Օդանավակայանը ժամանակին համարվել է Խորհրդային Միության տարածքի ամենաբարդ օդանավակայաններից մեկը։

Այնուամենայնիվ, խորհրդային շրջանում օդաչուների վարպետության շնորհիվ օդանավակայանն օրական ճանապարհել և ընդունել է 10-12 ինքնաթիռ, իսկ ֆուտբոլային հանդիպումների օրերին` մինչև 16։ Կապանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը 90–ականների սկզբին ռազմական գործողությունների պատճառով։

Այժմ այստեղ ամբողջությամբ փոխում են թռիչքուղին, ինչպես նաև տեղադրում նոր նավիգացիոն համակարգեր։ Աշխատանքների ավարտից հետո օդանավակայանը կարող է ընդունել ժամում մինչև 100 ուղևոր։ Օդանավակայանի վերակառուցման մեջ ցանկանում են ներդնել մոտ 5 միլիոն դոլար։

Նախ` այստեղից թռիչքներ կլինեն դեպի Երևան։ Դրանք կիրականացվեն չեխական արտադրության 19–տեղանոց ինքնաթիռներով (ինքնաթիռի անձնակազմն արդեն վերապատրաստում է անցել Չեխիայում)։

Այժմ թե՛ ինքնաթիռը, թե՛ օդանավակայանը գտնվում են «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ–ի բալանսում։ Դրա հիմնադիրը Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամն է։ Օդանավակայանի վերակառուցման խոշոր ներդրողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։