ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
«Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր։ Դրանց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ` շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:
Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600մլն ՀՀ դրամ։ Գումարը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:
Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից 2-ով ստացված ակտերով արձանագրվել են 1մլրդ 10մլն ՀՀ դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս (ներառյալ տույժերը, տուգանքները): Մյուս ստուգումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով (Կեղծ ձեռնարկատիրություն) և 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ քրեական գործին է միացվել ևս մեկ քրեական գործ։ Քրեական գործերը հարուցվել են ծրագրում ներգրավված մեկ այլ ՍՊԸ տնօրենի կողմից ընկերության հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով մի շարք ընկերություններից, առանց վերջիններիս կողմից ապրանքների փաստացի մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու, դրանք օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերում ներառելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ»,–հայտնում են դատախազությունից։
Դատախազի հանձնարարությամբ, քննիչի կայացրած որոշումներով, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված երեք քրեական գործեր ևս միացվել են ՀՀ քննչական կոմիտեի քննության վարչությունում քննվող մայր գործին:
Այս դրվագներով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ առանց ծառայությունների փաստացի մատուցման, տրամադրվել են մոտ 195մլն ՀՀ դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, ինչի արդյունքում խուսափել են պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր՝ միաժամանակ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) քրեական գործ էր հարուցվել։