ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը` Աննա Հակոբյանին, չի հետաքրքրում այն գումարների ծագումը, որոնք հայտնի գործարարները կամ շարքային քաղաքացիները նվիրաբերում են «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամներին։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է` ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե գա, հասնի մեզ։ Այդ առումով վստահեցնում եմ»,– ասաց նա
Հակոբյանը նշեց նաև, որ կան բանկային հարաբերություններ, և ԿԲ–ն ստուգում է այլ երկրներից փոխանցվող գումարի ծագումը։ Հիմնադրամների ստեղծումից ի վեր չնչին մի դեպք եղել է, երբ բանկն ինչ-ինչ պատճառներով արգելել է գումարը փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դատապարտելի չի համարում այն մարդկանց հանգանակությունները, որոնց ավելի վաղ խիստ քննադատության էր ենթարկում Նիկոլ Փաշինյանը, Հակոբյանը հորդորեց չպրոյեկտել նախկին իշխանությունների արարքները ներկայիս իշխանության վրա։
Նրա խոսքով` նախկինում բարեգործության ոլորտը մոնոպոլիզացված էր, և որոշակի հիմնադրամներ մուտքագրվող նվիրատվությունները համարվում էին խիստ կոնկրետ մարդկանց շրջանակի «առանձնաշնորհ»։ Իսկ այսօր հիմնադրամները թափանցիկ են աշխատում, և դոնոր կարող է դառնալ բացառապես ցանկացած քաղաքացի։
«Երբեմն միջնորդների միջոցով փորձում են պարզել` կարող են արդյոք նվիրատվություն անել։ Մենք «ըստ ճաշակի» բարերարներ չենք ընտրում», – ընդգծեց նա։
Աննա Հակոբյանը խոսեց նախկին օլիգարխների` իր հիմնադրամին նվիրատվություն տալու մասին
Նշենք, որ ավելի վաղ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացրել «Իմ քայլը» և «City of Smile» հիմնադրամների խոշոր դոնորների ցանկում որոշ անձանց առկայությունը։ Ցուցակում էին նաև գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դուստրն ու կինը, նախկին պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի ներկայացուցիչները, խոշոր բանկերն ու կազմակերպությունները։ Այս հանգամանքը տարաբնույթ խոսակցությունների թեմա դարձավ։
Հակոբյանն ինքը երբեք չի թաքցրել, որ հանդիպել է խոշոր հարկատուների հետ և նրանց ներկայացրել հիմնադրամների գործունեությունը։
Աննա Հակոբյանը պատմեց, թե ամենաշատն ինչի մասին են իր հետ խոսում սփյուռքահայերը