ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Արաբ գործարար Յագոբ Յուսուֆ Ահմեդ Մուբարաքը Պերու է թռչել աղքատ և ուսումնատենչ մի տղայի օգնելու համար։ Տղայի մասին համացանցում տարածված տեսանյութը հուզել է հարուստ գործարարին։
Այս մասին հայտնում են Պերուի լրատվամիջոցները։
Տեսանյութում երևում է, որ Պերուի Մոչե քաղաքում ապրող 11-ամյա տղան դասերը սովորում է փողոցում, մայթին նստած։ Նա` Վիկտոր Մարտին Անգուլոն, այդպես է վարվում, որովհետև չվճարելու պատճառով անջատել են նրանց տան էլեկտրականությունը, և ինքը ստիպված օգտվում է փողոցի լուսավորությունից։ Վնասելով տեսողությունը` փոքրիկ ուսումնատենչն ամեն բան անում է դասերին անպատրաստ չներկայանալու համար։
Այս պատմությունը ներկայացնող տեսանյութը տարածվել է աշխարհով մեկ։ Այն հուզել է 31–ամյա արաբ գործարար Յագոբ Յուսուֆ Ահմեդ Մուբարաքին:
Գործարարը որոշել է թռչել Մոչե (Պերու) և անձամբ հանդիպել տղային ու նրա ընտանիքին: Նրանց չքավոր վիճակը անձամբ տեսնելուց հետո արաբ միլիոնատերը խոստացել է տուն կառուցել նրանց համար, ինչպես նաև օգնել Վիկտորի մորը բիզնես սկսել։ Մուբարաք նաև պատրաստվում է ներդրում անել այն դպրոցում, որտեղ սովորում է Վիկտորը։ Արաբ գործարարը, որը նույնպես աղքատ ընտանիքի զավակ է եղել, հուսով է, որ իր այս քայլը կօգնի երեխային ավելի լավ ապագա ունենալ: Միակ բանը, որ իր օգնության դիմաց խնդրել է տղային, այն է, որ նա կարողանա արժևորել իր ջանքերը և հարգալից լինել մոր նկատմամբ:
Վիկտորի մայրը` Ռոզան, պատմել է, որ իր որդին շատ է զարմացել և հուզվել կատարվածից։ «Նրան տանջում էր հարցը, թե ինչպես կարող էր մեկ այլ մայրցամաքից մարդը գար իրեն տեսնելու»,–ասել է Ռոզան: Կինը նույնպես շատ երախտապարտ է, որ Մուբարաքը այցելել է իր տուն և օգնություն է առաջարկել, քանի որ ոչ ոք մինչ այժմ այդպիսի բան չէր արել:
Իր հերթին գործարարը խոստացել է, որ դեկտեմբերին կվերադառնա Մոչե, որպեսզի տեսնի երեխայի նոր տունը և ընթրի ընտանիքի հետ: