ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Արարատ-2»–ի դարպասապահ, 23 տարեկան Մուշեղ Ղևոնդյանի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. ապրիլի 15-ին 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ: 1996 թվականին ծնված Մուշեղ Ղևոնդյանը հիվանդանոցում մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով ևս մեկ երիտասարդ՝ ծնված 1993թ, տեղափոխվել էր «Քանաքեռ -Զեյթուն» ԲԿ:
Պարզվել էր, որ երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում, պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ.:
Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին վերջինս հայտնաբերվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է դատարանի կողմից:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպին հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։