ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի-Sputnik. Պերուի հյուսիսում 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի հետևանքով ավերվել է 15 շինություն, կան տուժածներ:Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնին (COEN):
Վերջինիս տեղեկություններով՝ տուժածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Մարտին շրջանի Լուգանաս բնակավայրից 83 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07:41-ին, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 115 կմ խորության վրա:
Perublica պարբերականի տեղեկացմամբ, երկրաշարժը զգացվել է Պերուի քաղաքների մեծ մասում: Սան Մարտին և Լորետո շրջաններում բազմաթիվ շինություններ են ավերվել, բուժկենտրոններից մեկում հիվանդներին էվակուացրել են: Որոշ քաղաքներում խաթարված է էլեկտրամատակարարումը:
Պերուի նախագահ Մարտին Վիսկարրան հայտարարել է, որ երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում: Նա խնդրել է բնակիչներին խուճապի չմատնվել: