ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի-Sputnik. ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ, և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում հայ-չինական համագործակցության խորացմամբ. այս և այլ հարցեր են քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետն անդրադարձել է նաև վերջերս Չինաստան կատարած իր այցին՝ նշելով, որ արդյունավետ հանդիպումներ են կայացել ՉԺՀ նախագահի, վարչապետի, չինաստանյան գործարարների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ այն համարելով կարևոր նախաձեռնություն ժողովուրդների միջև համագործակցության, փոխադարձ վստահության և գլոբալ կայունության ամրապնդման տեսանկյունից:
«Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդներին միավորում են ամուր մարդկային կապերը և ջերմ հյուրընկալությունը», - նշել է ՀՀ վարչապետը:
ՉԺՀ պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ինի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է. այն հիմնված է երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: «Պատրաստ ենք և տրամադրված ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը Հայաստանի հետ՝ Ձեր ղեկավարությամբ», - նշել է Վան Ին:
Վարչապետն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մի շարք բնագավառներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձել են ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության ոլորտներում, գործարար շրջանակների համար արտահանման շուկաների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Վան Ին իր հերթին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ, և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը հրավիրել է չինաստանյան ընկերություններին՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին:
Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ մայիսի 25-26–ին Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին կայցելի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել միջազգային երկու փաստաթուղթ և ևս մեկ ոչ միջազգային փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-16–ին աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան։ Նա հանդիպել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ, իսկ մայիսի 15–ին ելույթ էր ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում։