Հայ-չինական հարաբերություններն ունեն ընդլայնման լավ հեռանկար. Սարգսյանը ընդունել է Վան Իին

Երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik. Հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար:

Այս մասին ասել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակությանը ընդունելու ժամանակ:

ՀՀ քաղաքացիները Չինաստան կմեկնեն առանց վիզայի. համաձայնագիրը ստորագրվեց

«Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը չի սկսվել 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական և միջպետական հարաբերությունների հաստատման փաստաթղթով, մեր ժողովուրդները դարերի ու հազարամյակների բարեկամական համագործակցության պատմություն ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:

Հանդիպման ընթացքում նախարար Վան Ին ընդգծել է, որ մեծ է հայ ժողովրդի ներդրումը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ: «Մետաքսի մեծ ճանապարհը դեռևս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց վերաբերվում են փոխադարձ հարգանքով ու համակրանքով, և մեր երկկողմ հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են»: Նա նաև նախագահ Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բարեմաղթանքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Երկուստեք համաձայնել են, որ հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար:

Հիշեցնենք, որ ՉԺՀ արտգործնախարար Վան Իի ղեկավարած պատվիրակությունն այսօր է ժամանել մեր երկիր: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու չինացի գործընկերն արդեն մի շարք փաստաթղթեր են վավերացրել, այդ թվում երկու երկրների միջև մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին: