ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայ-չինական հարաբերությունները վերջին շաբաթներին զգալի վերելք են ապրում։ Մայիսի կեսերին պաշտոնական այցով Պեկին էր ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոտ երկու շաբաթ անց Երևան է եկել Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ինը։ Այդ ակտիվացումը Վահագն Խաչատրյանը կապում է Հայաստանի համար չինական վեկտորի կարևորության և հակառակը` Պեկինի համար Երևանի տարածաշրջանային նշանակության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ հիմա լավ հեռանկարներ են ուրվագծվում հետաքրքիր նախագծերի համար։
Չինաստանը, ինչպես հայտնի է, առաջ է մղում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» մասշտաբային նախագիծը, որն առնչվում է Հարավային Կովկասի հետ։ Հայաստանը և հարևանները ձգտում են մասնակցել այդ նախագծին, և Խաչատրյանի խոսքով՝ հայ-չինական համագործակցությունը ենթարկվում է այդ նախագծի տրամաբանությանը։
«Չինաստանի համար Հայաստանի կարևորության մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Երևանում կառուցվում է տարածաշրջանում ամենամեծ չինական դեսպանատունը։ Այդ շինարարության մասշտաբները խոսում են իրենց մասին։ Հայաստանում նաև գործում է դպրոց, որտեղ խորացված ուսումնասիրում են չինարեն։ Կարծում եմ, որ այդ երկու գործոնները խոսում են մեր երկրի հետ տնտեսության և քաղաքականության մեջ երկարաժամկետ գործընկերություն կառուցելու Պեկինի մտադրության մասին», - նշեց տնտեսագետը։
Չինաստանի հետ համագործակցությունը թույլ կտա Հայաստանին զգալիորեն բարելավել ենթակառուցվածքները։ Այդ երկրի իշխանությունը դեռ Փաշինյանի պեկինյան այցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է ներդրում ունենալ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մեջ։
Չինացիները հիմա էլ են մասնակցում են աշխատանքներին, մասնավորապես` հյուսիսային ուղղությամբ, բայց առայժմ ենթակապալառուի կարգավիճակով։ Խաչատրյանի խոսքով՝ չինական կողմը ճանապարհի հարավային հատվածի շինարարության վերաբերյալ հանդես է եկել հետաքրքիր առաջարկներով։
Հայաստանը Չինաստանը դիտարկում է նաև որպես ահռելի շուկա՝ հայկական արտադրանքի իրացման համար․ պարենամթերք, ալկոհոլային խմիչքներ և այլն։ Այդ արտադրանքը հիմա էլ առկա է չինական շուկայում, բայց ոչ այն ծավալներով, ինչ ցանկալի կլիներ։ Խաչատրյանի խոսքով՝ հարցը մրցունակ հայկական ապրանքներն են։ Չինական շուկայում ներկայությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Օրինակ` նման պայմանագիր է գործում Չինաստանի և Վրաստանի միջև, ինչը թույլ է տվել վրացիներին լրջորեն ավելացնել իրենց ալկոհոլային արտադրանքի արտահանման ծավալները դեպի Չինաստան։
Փորձագետը հույս ունի, որ ժամանակի հետ կողմերը կհանգեն նման համաձայնության։ Ամեն դեպքում, չինական ուղղությունը գերակա է դառնում Երևանի արտաքին քաղաքականությունում։ Դա լրացուցիչ տնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորություն է տալիս Երևանին, նպաստում զարգացմանը։