Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին արդեն Երևանում է. լուսանկարներ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դիմավորեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին արդեն Երևանում է։ Քիչ առաջ բարձրաստիճան հյուրին ընդունել է Հայաստանի նրա գործընկեր Զոհրաբ Մնացականյանը։

Հայաստանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի

Այս մասին իմանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի Facebook-յան էջից։

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դիմավորեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ինին։

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը փոխադարձ հարգանքի հիման վրա երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու հարցում։ Որպես հին քաղաքակրթությունների կրողներ, մենք լավ ենք հասկանում միմյանց»,–հանդիպման մասին գրել է Նաղդալյանը։

Նա նաև դիմավորման և ընդունելության լուսանկարներ է հրապարակել։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ մայիսի 25-26–ին Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին կայցելի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել միջազգային երկու փաստաթուղթ և ևս մեկ ոչ միջազգային փաստաթուղթ։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-16–ին աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան։ Նա հանդիպել էր ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ, իսկ մայիսի 15–ին ելույթ էր ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում։