ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ այսօր`մայիսի 26-ին, ժամը 05։00-ից 19։00-ն Լարսի անցակետի վրացական հատվածում Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ մայիսի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան,
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։