Վերջնական որոշումը Փաշինյանինն է. ժամանակավոր կացարանների լուծման մի քանի տարբերակ կա

Մոտ մեկ ամսից ՀՀ վարչապետին կներկայացնեն անօթևանության խնդրի լուծման տարբերակները։ Աշխատանքային խումբն արդեն ունի ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանի 3 մարզում` Շիրակում, Լոռիում և Արագածոտնում, ժամանակավոր կացարանների խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվում։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

«Աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ՝ բնակարանաշինություն, վթարային կառույցների հիմնանորոգում կամ կիսակառույցների կառուցում: Իհարկե, վարչապետն է վերջնական որոշում, բայց իմ հակվածությունը ավելի շատ սոցիալական բնակարանների ապահովումն է»,- ասաց նա:

Խոսելով անօթևանության խնդրի լուծման հնարավոր ժամկետների մասին` Վերմիշյանը նշեց, որ այս պրոցեսը երկարաժամկետ է։

Վերջնական որոշումը Փաշինյանինն է. ժամանակավոր կացարանների լուծման մի քանի տարբերակ կա

«Ֆինանսավորումը ո՞նց կստացվի։ Հավանաբար, կառավարությունը կգտնի համապատասխան միջոցներ գոնե ինչ-որ տարաժամկետ մի քանի տարիների, ասենք 10 տարվա ընթացքում այս հարցը լուծելու համար: Սա շատ երկար ժամկետ է, ես կուզեի, որ մի սեզոնի մեջ լուծեինք, դա իմ երազանքն է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

ՀՀ վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը հունիսի 30-ին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ժամանակավոր կացարանների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մինչ այդ, այսօր` մայիսի 25-ին, Շիրակի մարզպետարանում աշխատանքային խումբը` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ, անցկացրեց հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին կատարված աշխատանքների մանրամասները։

Հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: Ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում (ընդհանուր թվի 68 տոկոսը): Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:

Գյումրեցի պատանի Միքայելը կատարեց վարչապետ Փաշինյանին տված խոստումը. տարածքը մաքրված է

Թեև սրանք հիմնական տվյալներ են, սակայն վերջնական չեն. որոշակի տեխնիկական անճշտություն կա ՀՀ ոստիկանության ուղարկած տվյալներում, Գյումրու քաղաքապետարանն էլ նիստից 1 օր առաջ նոր տվյալներ է ներկայացրել, որոնք դեռ չեն մուտքագրվել, իսկ ամենամեծ խնդիրը կապված է Անշարժ գույքի կադաստրի հետ։ Պարզվում է` բավական շատ աշխատակիցներ ունեցող կառույցը թերանում է ու ժամանակին չի ներկայացնում պահանջվող տվյալները:

Այս փաստը նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին է մտահոգել։

«Հուսանք` ի վերջո, կադաստրից տվյալներ կստանանք։ Մինչ այս կադաստրը տվյալների ընդամենը 20 տոկոսն է մշակել»,-լրագրողներին ասաց նա:

Հիշեցնենք` 3 մարզի ոչ հիմնական շինությունները հաշվառելու մասին որոշումը կայացվել էր 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ Գյումրիում կառավարության արտագնա նիստի ընթացքում, իսկ այս գործընթացի վերջնաժամկետ սահմանված է հունիսի 30-ը: