ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելու փաստը: Այդ թեմային նա անդրադարձել է գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում։
«Ֆուտբոլիստն է որոշում ընդունել։ Եթե Մխիթարյանը չի ցանկանում մեկնել Բաքու, իր խնդիրն է: Եթե ֆուտբոլը տեղի տա այդ ճնշումներին, ապա հետագայում մենք չենք կարող որևէ միջոցառում կազմակերպել: Մենք կարողացել ենք անվտանգություն ապահովել Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիայում, երբ ամբողջ երկիրը ահաբեկչությունների վտանգի տակ էր»,- ասել է Չեֆերինը։
Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալն» ու «Չելսին»:
«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը: