«Տաշիր պիցցա» արագ սննդի կենտրոնում հրդեհ է բռնկել

Արագ սննդի կետը գտնվում է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

«Փոքր բռնկում է եղել խոհանոցում, բայց քանի որ գտնվում է սուպերմարկետի տարածքում, 4 մարտական հաշվարկ է ուղարկվել, որպեսզի կրակը չտարածվի»,– Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԻՆ–ի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին: