Avastin–ի գաղտնիքը. Մալայանի սկանդալային դեղից միայն Հայաստանում չեն տուժել. մանրամասներ

Դեռ 2016–ին ՌԴ–ում 11 մարդ էր տուժել, որոնց ներարկվել էր սկանդալային Avastin դեղամիջոցը։ Դեղի շրջանառությունը ժամանակավորապես դադարեցվել էր, սակայն ամիսներ անց կրկին վերադարձել էր ռուսական շուկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Մալայան ակնաբուժական կենտրոնում վեց պացիենտի՝ ինֆեկցիայի ու տեսողության որոշակի կորստի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Սկանդալային դեղը «Նատալի ֆարմից» չեն գնել. Արսեն Թորոսյանը հաստատեց տեղեկությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել. ըստ նախնական տեղեկության` Avastin դեղամիջոցը ներարկվել է 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած. միայն լույսն ու ստվերն են տարբերել։

«Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 279 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գործը վարույթ է ընդունվել։ Գործով առայժմ մեղադրյալ չկա»,-ասաց Հարությունյանը։

Ի դեպ, Քրեական օրենսգրքի նշված հոդվածը սահմանում է, որ «տուգանքով կամ ազատազրկմամբ է պատժվում նա, ով սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ է թողարկել կամ իրացրել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել, կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնել կամ օգտագործել է և եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը»։

Դեղը գրանցված է եղել. նոր մանրամասներ միջադեպից և պարզաբանում կողմերից

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հայտնեց, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը դեռ չի ավարտել դեղի փորձագիտական փորձաքննությունը։

Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայից էլ հայտնեցին, որ հիվանդների վիճակը բարելավվում է, նրանց մոտ սուր ինֆեկցիոն վիճակ այլևս չկա։

«Սակայն քանի որ նրանք շաքարային դիաբետով հիվանդներ էին և տեսողության հետ արդեն իսկ խնդիրներ ունեին, նրանց տեսողությունը կվերականգնվի այնքան, որքան թույլ կտա նրանց աչքը»,– հայտնեցին կլինիկայից։

Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ 2016-ի սեպտեմբերին Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել, որ 11 պացիենտ տեսողության կորուստ ունի։ Նրանց բոլորին Avastin էին ներարկել։ Այդ ժամանակ դեղամիջոցն արտադրող Roche Holding ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ դեղը նախատեսված չէ ներակնային ներարկման համար։ Դեղը ժամանակավորապես հանվել էր շրջանառությունից, բայց արդեն 2016–ի դեկտեմբերին կրկին հայտնվել էր շուկայում, քանի որ փորձագիտական քննության հետևանքով դրա որակի հետ կապված որևէ խնդիր չէր հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կայքում նշված է, որ Avastin–ը Հայաստանում գրանցված է, և դրա ներմուծման թույլտվությունը տրված է մինչև 2020–ի մարտի 15–ը։ Այն կարելի է ձեռք բերել դեղատոմսով։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հերքել էր տարածված լուրերը, թե դեղամիջոցը «Նատալի ֆարմից» է գնվել։