Վերջին զանգի մասնակիցների ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ

Ոստիկանությունը տուգանային հրապարակ է տեղափոխել անչափահասների վարած, պատուհանից կախված ուղևորներով, առանց փաստաթղթերի վարորդների վարած ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 ավտոմեքենա։ Facebook-ի էջում այս մասին գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

Նշված 3 տասնյակ ավտոմեքենաներից 24–ը վարել են անչափահասները։ Մնացած 6-ը տուգանային հրապարակ են տեղափոխվել տարբեր իրավախախտումների` մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Ջանոյանը հիշեցնում է, որ Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունը մայիսի 24-ին ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Ոստիկանությունը կոչ է անում չխախտել օրենքը և խոստանում լինել հետևողական:

Հիշեցնենք` Հայաստանում ավելի քան 40 հազար 9-րդ դասարանցիներ և 12-րդ դասարանցիներ այսօր նշում են Վերջին զանգը։