Ի՞նչ նշանակություն ունի անցումային արդարադատությունը. պարզաբանում է Արարատ Միրզոյանը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում մեկնաբանել է, թե ինչ է նշանակում անցումային արդարադատություն ու ինչպես է այն իրականացվելու Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Անցումային արդարադատությունը եռյակ դատարանների կամ արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ հավաքվում ու որոշումներ են կայացնում։

Այս մասին այսօր իրավական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` հավելելով, որ անցումային արդարադատությունը պետք է կայացվի օրինական ճանապարհով, զտելով ու մաքրելով գործող դատական համակարգը։

«Մենք պետք է հասկանանք, ի վերջո, դատական համակարգը ներկայացնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնո՞ւմ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ։ Եթե ոչ՝ ապա արագ պետք է ձևավորել»,- ասաց Միրզոյանը։

ԱԺ խոսնակն իր ելույթի հաջորդ հատվածում անդրադարձավ նաև տնտեսական հանցագործություններին: «Հարցեր են հնչում բազմազան՝ կիրառե՞լ, թե՞ չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի՞ մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, որոնք կարծում են՝ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը և գնան ապրեն իրենց հանգիստ կյանքով»,- ասաց Միրզոյանը։

Նշենք` ՀՀ ԱԺ–ում այսօր առավոտից մեկնարկել են անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցում են ՀՀ կառավարության քննչական մարմինների ներկայացուցիչներ, իրավական ոլորտի տեղական ու արտասահմանյան փորձագետներ։