Հայաստանի և Արցախի իշխանությունները կհաղթահարե՞ն «անհամապատասխանությունը». փորձագետներ

Փորձագետները խոսել են Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայիս հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արցախում հեղափոխական ուժեր չկան, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի աշխատել գոյություն ունեցող քաղաքական կուսակցությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակիչների միջև։ Նա խոսքով`  «կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են իրենց անձնական կապերն Արցախում` Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ քարոզ իրականացնելու համար»։ Նա հայտարարեց, որ չի բացառում դավադրությունը, որը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել, և հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքների հանձնում` պատասխանատվությունը երկրի իշխանության վրա գցելու համար։ Վարչապետն այս գործունեության մեջ պետական դավաճանության հատկանիշներ է տեսնում։

Բանակցել պատերազմելու փոխարեն. Արցախի վերադարձը ամենատրամաբանական լուծումն է

Ինչպես նշեց Հակոբյանը, Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների մասին նախկինում ընդունված չէր բարձրաձայնել։ Բայց խնդիրներ կային նաև նախկինում, օրինակ, Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին, երբ ՀՅԴ–ն ուժեղ դիրք էր զբաղեցնում Արցախում։

«Այն ժամանակ բավականին բարդ իրավիճակ էր ստեղծվել` Հայաստանի կողմից ուժեղ ճնշում կար, վերջնագրեր էին ներկայացվում։ Ի վերջո, այնտեղ իշխանափոխություն տեղի ունեցավ, Ռոբերտ Քոչարյանը դարձավ այն մարդը, որի հետ Տեր–Պետրոսյանը կարող էր բանակցություններ վարել», – ասաց Հակոբյանը։

Այսօր Արցախում նախընտրական իրավիճակ է, հաջորդ տարի պետք է կայանան նախագահական և խորհրդարանի ընտրությունները, բայց նույնիսկ այսօր այնտեղ չկան որևէ նոր, հեղափոխական ուժեր։

Ընդ որում, Հակոբյանի կարծիքով, Արցախում տարբեր ուժեր, այսպես թե այնպես, աջակցում կամ ճանաչում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը։ Նույնիսկ (Արցախի – խմբ.) ԱԽ ղեկավար Վիտալի Բալասանյանը հանդես է գալիս ոչ թե բուն հեղափոխության դեմ, այլ քննադատում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության կոնկրետ դրվագներ։

«Արցախում ցանկացած իշխանություն հակամարտության կարգավորման հարցում ավելի ռադիկալ տրամադրված կլինի, քան Հայաստանի իշխանությունները։ Այդ առումով նրանք կարող են կարևոր նշանակություն ունենալ Նիկոլ Փաշինյանի համար, որը կարևոր է համարում Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղան», – նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որոշակի հարցեր հստակեցնելով, կարող են առաջիկայում շարունակել արդյունավետ աշխատանքը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում այն տեսակետին, որ Արցախի ղեկավարության քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, ինչպես դա եղել է 90-ականների կեսերից։

«Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություն». Բակո Սահակյան

«Հայաստանում իշխանությունը փոխվել է, իսկ այնտեղ` ոչ։ Այժմ «անհամապատասխանություն» կա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, քանի որ նրանց մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ տարբերվում են։ Բայց նաև պետք չէ, որ իշխանությունները միանման մտածեն։ Պետք է հաշվի առնել Հայաստանի և Արցախի առանձնահատկությունները» – կարծում է Բադալյանը։

Քաղտեխնոլոգը համոզված է, որ Արցախում չի կարելի հեղափոխություն իրականացնել, փողոցներ փակել, արգելափակել դատարանները։ Հաշվի առնելով չկարգավորված հակամարտությունը` իրավիճակն այնտեղ ավելի բարդ է, քան Հայաստանում։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան այնպես անել, որ Արցախում իրենց համախոհն ընտրվի։ Այդ պայմաններում Երևանի և Ստեփանակերտի իշխանությունները ընդհանուր լեզու կգտնեն։

Նշենք, որ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Ադրբեջանի աշխուժացումը շփման գծում, Բալասանյանն առաջարկեց դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա է «վերելակային բանակցություններ» վարում (Իլհամ Ալիևի հետ)։

Դրանից հետո, մայիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։