Գագիկ Հարությունյանի եղբայրն էլ հրաժարական տվեց. ՀՀ նախագահը ստորագրել է դիմումը

Արզուման Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այսօր հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշված է, որ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է նրա` աշխատանքից հեռացման հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,– նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Արզումանյանն ինքն է դիմում ներկայացրել։

Արզուման Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով։

Մինչ այդ` 1999 թվականից զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնը։

Հիշեցնենք` որ Գագիկ Հարությունյանը հրաժարական ներկայացեց մի քանի ժամ առաջ։