«Դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում». Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել դպրոցականներին

ՀՀ կրթության և գիտության նախարարն այս տարվա շրջանավարտներին մաղթել է տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունը համոզված է, որ այս տարվա շրջանավարտներն ավելի հեշտ են իրականացնելու իրենց նպատակները։ Այս մասին նշված է նախարարի` Վերջին զանգի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

Վերջին զանգի օրը ոչ մեկի չեն ներելու. ՃՈ-ն կծառայի ուժեղացված ռեժիմով

«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք»,– նշել է Հարությունյանը:

Նա, շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթել է տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն։

«Սիրելի՛ շրջանավարտներ, եղեք վստահ, ազնիվ, հաստատակամ ու պատասխանատու՝ հանուն մեր երկրի վաղվա բարեկեցիկ կյանքի և ապահով ապագայի»,– նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 24-ին, Հայաստանում նշվում է Վերջին զանգը։