«Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք երկիրն ավելի մրցունակ». նախագահը` շրջանավարտներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համոզված է, որ դպրոցն ավարտող պատանիներն ու աղջիկները կարող են Հայաստանն ավելի մրցունակ դարձնել։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վերջին զանգի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում։

«Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր: Մեծ է ձեր ուսուցիչների ու ծնողների ներդրումը,և դուք պետք է անպայման մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն»,– նշել է նա։

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ շրջանավարտները դպրոցական ժամանակահատվածն անցել են ինքնահաստատվելով ու սովորելով, սիրելով ու երազելով, աչքի առաջ ունենալով վաղվա օրը, վաղվա աշխատանքը, վաղվա ընտանիքը, վաղվա հայրենիքը:

«Դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում». Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել դպրոցականներին

«Այսօր դուք հասել եք մի կետի, որից սկսած՝ ավելի գործնական պետք է մասնակցեք այդ ամենի կերտմանը՝ մտածելով, ստեղծելով, աշխատելով»,–իր ուղերձում նշել է նախագահը։

Նրա խոսքով` շրջանավարտները պետք է անպայման մասնակից դառնան առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն: Ըստ նրա` այսօր հնչող զանգը շրջանավարտներին կոչում է նոր մեկնարկի ու թռիչքի: «Վստահ եղեք՝ ձեր մտքի և հոգու թռիչքը կարո՛ղ եք վերածել նյութեղեն ու հոգևոր հզոր արժեքների, որոնք կծառայեն մեր հայրենիքին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը: Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման երևակայություն և հաջողություն, սեր ու երջանկություն»,– ընդգծել է նախագահը։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում շրջանավարտները տոնում են Վերջին զանգը: