ՌԱԴԻՈ

Բալասանյան. «Խաչատուրովի հետկանչով մենք միայն դիրքեր կորցրինք ՀԱՊԿ-ում»

Բիշքեկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհուրդը նեղ կազմով նիստի ընթացքում որոշել է պետությունների ղեկավարների քննարկմանը դնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020թ–ի հունվարի 1-ից։
Sputnik
Բալասանյան. «Խաչատուրովի հետկանչով մենք միայն դիրքեր կորցրինք ՀԱՊԿ-ում»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը կարծիք է հայտնել, որ Բելառուսի ներկայացուցչի նշանակումը սպասելի էր, քանի որ Հայաստանի նոր իշխանությունների առաջին քայլերից էր այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի ետկանչը՝ կապված մարտի 1-ի գործի հետ։

«Կյանքը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ետկանչը չծառայեց իր նպատակին, քանի որ Խաչատուրովի ետկանչով մենք միայն դիրքեր կորցրեցինք ՀԱՊԿ-ում»,-կարծում է Գրիգոր Բալասանյանը։

Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա Բալասանյանի խոսքով, հստակ է մի բան, որ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ-ում նախագահելու հնարավորությունը։

«Բավականին սառեցին հարաբերությունները ՀԱՊԿ-ի անդամ մեր դաշնակից երկրների հետ, ինչը սխալ ու վտանգավոր է պատերազմական վիճակում գտնվող երկրի համար»,-կարծում է Բալասանյանը։

Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում է նոյեմբերի 28–ին Բիշքեկում։ Հիշեցնենք` ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել անցած տարվա նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը: