Ոստիկանապետի որակումները զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային. ՊՎԾ

ՊՎԾ–ն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են և վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային։

Այս մասին ասված է Պետական վերահսկողական ծառայությունն հաղորդագրության մեջ, որով գերատեսչությունը պատասխանել են կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերիյ Օսիպյանի հնչեցրած հայտարարություններին։

Ովքե՞ր են ՊՎԾ–ի ձերբակալված աշխատակիցները. պարզաբանում է Դավիթ Սանասարյանը

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում  ընդգծել՝ թեև ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարևոր սկզբունք. այն է՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով, ինչը ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերևույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։

Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում, հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել»,–ասված է հայտարարության մեջ։

Պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց և խուսափել չհիմնավորված որակումներ տալուց։

ՊՎԾ–ն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են և վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանը ասել էր, որ Պետական վերահսկողության ծառայության պետի ԺՊ Արգիշտի Քյարամյանի ներկայացրած պարզաբանումը` ոստիկանությունում չարաշահումների հայտնաբերման վերաբերյալ, պոպուլիստական բնույթ է կրում։