ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի ոստիկանության տեսադաշտում անսպասելի է հայտնվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` անդրադառնալով Բալասանյանի մեքենան զննելու դեպքին։
«Բալասանյանն այստեղ կապ չունի, մենք չենք առաջնորդվում անձերի` ով լինելով։ Այն, ինչ ոստիկանությանը հետաքրքրել է, տեղում ուսումնասիրվել է։ Իսկ Բալասանյանի հետ որևէ խնդիր ի սկզբանե չենք ունեցել։ Բացի այդ, մենք մեր միջոցառումն այն բանի համար չենք իրականացրել, որ այնտեղ Բալասանյանն է գտնվում։ Նա մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել»,–ասաց նա։
Ոստիկանապետը չհայտնեց, թե արդյոք ապօրինի զենք–զինամթերք հայտնաբերել են մեքենայի զննման ժամանակ։
«Թույլ տվեք, որ դա մնա ոստիկանության գաղտնիքը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին զինված ոստիկանները կանգնեցրել էին Բալասանյանի ավտոմեքենան: Ոստիկաններն ասել էին, թե ուզում են զննել մեքենան, քանի որ տեղեկություն ունեն, որ մեքենայում զենք-զինամթերք կա: Բալասանյանն ասել էր, որ ինքը սա որևէ բանի հետ չի կապում, որևէ մեկի վրա չի կասկածում:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել նաև, որ Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել։ Ըստ հայտարարության`ոստիկանությունն ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա, որոնց թվում է եղել Բալասանյանի մեքենան։