Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում նոր գրասենյակ կստեղծվի

Եվրոպական դատարանում Հայաստանի նկատմամբ վճիռներն ավելանում են։ Կառավարությունը չի հասցնում դրանց հետևել և առաջարկում է նոր պաշտոն ու նոր գրասենյակ հիմնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների քանակը տարեցտարի աճում է, և կառավարությունը չի հասցնում դրանց պատշաճ կարգով հետևել։ Խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է ավելացնել ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի նոր պաշտոն, իսկ վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ վճիռների հարցով մի ամբողջ գրասենյակ ստեղծել։

Կառավարությունը Ծառուկյանի սրտով չգնաց. ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցվում է

Որոշման նախագիծն այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության նիստում և արժանացավ գործադիր մարմնի հավանությանը։

Նախագիծն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման և առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Կառավարության կայքում հրապարակված նախագծի համաձայն` 2013 թվականին ՄԻԵԴ–ում ՀՀ նկատմամբ կայացվել է ընդամենը 2 վճիռ, 2014-ին` 4 վճիռ, 2015-ին` 8, 2016-ին` 15, 2017-ին՝ 12, 2018-ին` 16 վճիռ, իսկ 2019-ի միայն առաջին երեք ամիսներին արդեն իսկ հրապարակվել են 10 վճիռ:

«Քանակի հետ զուգահեռ բարդացել է նաև արձանագրվող խախտումների բնույթը: Հաշվի առնելով ՀՀ պետական համակարգի և օրենսդրական կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաև ընթացող բարեփոխումների և օպտիմալացումների տրամաբանությունը` լավագույն լուծումը Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի առանձին պաշտոն նախատեսելն է և ՀՀ վարչապետի աշխատակազմում Ներկայացուցչի գրասենյակ ստեղծելն է»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախատեսվում է, որ բացի Եվրոպական դատարանում ՀՀ շահերը ներկայացնելուց, ներկայացուցիչը վճիռների վերլուծություն է կատարելու ու հանդես է գալու կանխարգելիչ օրենսդրական առաջարկներով։