ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik.Մանվել Գրիգորյանին պետք է հնարավորինս արագ ազատ արձակել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արթուր Ասատրյանը, որն ավելի շատ հայտնի է որպես «Դոն Պիպո» մականունով քրեական հեղինակություն։
Նրա խոսքով` Էջմիածնում իր և Գրիգորյանի դիմակայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք ընդհանրապես ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամանք չունենք։ Երևի դուք զգացած կլինեք, որ չկա մեկը, որ վիրավորած լինի նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին, նրա երեխաներին, չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի։ Մենք դրա համար երկար աշխատանք ենք արել, որ նրա ընտանիքի անդամներին ընդհանրապես ոչ ոք չվիրավորի, որովհետև դա հարիր չի մարդուն, երբ մեկի հայրը նստած է, և նրա թոռներին ու երեխաներին կարողն են վիրավորել», – ասաց Ասատրյանը։
Նա նշեց, որ կուզեր` Մանվել Գրիգորյանին օր առաջ ազատ արձակեին, որպեսզի նա հասներ իր թոռներին, ընտանիքին։
«Ես անձամբ նրան Աստվածաշունչ կնվիրեի, որ ինքը Աստծու գիտությունը հասկանա, որ չկա մի մարդ, որ խախտում է Աստծու գիտությունը, մի օր պատասխան է տալու»,- ասաց Ասատրյանը։
Նրա կարծիքով` Գրիգորյանն արդեն հատուցել է իր արարքների համար, և դա բավարար է։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին` գործարարը նշեց, որ չի դիմել քննչական մարմիններին` երկիրը լքելու թույլտվություն ստանալու համար։ Նախաքննությունն ավարտվել է։ Երեք անձի առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Արթուր Ասատրյանի գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։
«Ես հանցանք չեմ գործել, ինձ էին ուզում սպանել». դոն Պիպո. «Ժողովուրդ»
Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր անցած տարվա հունիսի 16-ին` Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց։ Հարազատ Էջմիածնում «Դոն Պիպոն» հանրահավաք էր կազմակերպել գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա որդու` այն ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ։
Ցույցն անցկացվել էր «թավշյա հեղափոխության» խորհրդանիշով, ինչն արժանացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ արձագանքին։ Մի քանի օր անց Ասատրյանը կալանավորվել էր։
Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Սեպտեմբերին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել։