Մնացականյանը խոսել է Ադրբեջանին զենքի վաճառքում ՀԱՊԿ երկրների ներգրավվածության մասին

Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի մտահոգությունը լսելի կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածության կապակցությամբ։ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում նշված է, որ նախարարն այս մասին խոսել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում։

«Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածությունը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ համագործակցության միջավայրի վրա: Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետության դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»,–ասել է նախարարը։

Նա ընդգծել է նաև խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:

Սպասում ենք դետալների. Նաղդալյանը խոսեց Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին

Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ Մնացականյանն ընդգծել է, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար։ Ըստ նրա` Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը: «Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը», - շեշտել է նա։

Ականի պայթյունից տուժած սակրավորը որոշել է վերադառնալ Սիրիա. երեխաները խաղում են ականներով

Մնացականյանի խոսքով` Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:

Հիշեցնենք, որ Մնացականյանը Բիշքեկ է մեկնել մայիսի 21–ին` մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։